Ծրագրի նպատակն էր կոտրել հաշմանդամություն ունեցող կանանց մասին կարծրատիպերը և նպաստել նրանց վերարտադրողական իրավունքի մասին հասարակության իրազեկության բարձրացմանը:
Ծրագիրն իրականացվել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի «Ես մայրանալու իրավունք ունեմ» ծրագրի շրջանակներում` Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի արդյունքում իրականացվել է ֆոտոնկարահանում հաշմանդամություն ունեցող 5 կանանց հետ, ովքեր իրենց մայրանալու հաջողված պատմությունն են ներկայացրել: Լուսանկարները և պատմությունները հրապարակվել են disabilityinfo.am և ikin.am կայքերում: Հրապարակումները ներկայացրել են լսողության, տեղաշարժման և տեսողության խնդիրներ ունեցող տարբեր կանանց պատմություններ, ովքեր կամ ընտանիք են կազմել, կամ որպես միայնակ մայր մեծացնում են իրենց երեխաներին և իրենց պատմությունով օրինակ են ծառայում մյուս կանանց և աղջիկների համար, ովքեր մտավախություններ կամ թերարժեքության բարդույթ ունեն:
Պատմությունների և լուսանկարների հիման վրա տպագրվել է 100 օրինակ օրացույց։
Մշակվել է դասընթացի ծրագիր լրագրողների համար և կազմակերպվել է դասընթաց՝ «Հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրների լուսաբանումը. սեռական և վերարտադրողական առողջություն» թեմայով: Սեմինարին որպես փորձագետ մասնակցել են նաև հաշմանդամություն ունեցող կանայք: Մշակվել և տպագրվել է ուղեցույց լրագրողների համար՝ «Ինչպես լուսաբանել հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրները»:
Ժամանակահատվածը՝ 2014 թ. ապրիլ – հունիս