Սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 9-ը «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ հանրության շրջանում տեղեկատվության մատչելիության մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն միտված տեղեկատվության մատչելիության աշխատարան։ Աշխատարանին մասնակցում էին ուսանողներ հանրապետության տարբեր բուհերից և ֆակուլտետներից։
Աշխատարանի ընթացքում հանդիպումները տեղի էին ունենում ամեն ուրբաթ երեկոյան 17։30-ին։ Աշխատարանի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ աջակցող տեխնոլոգիաներին և տեղեկատվության մատչելիության հիմունքներին, սովորեցին լուսագրեր և հեշտ ընթեցվող նյութեր պատրաստել, ծանոթացան պատկերի այլընտրանքային տեքետերի և աուդիոնկարագրությունների տարբերություններին։ Յուրաքանչյուր պարապմունք բաղկացած էր երկու՝ տեսական և գործնական մասերից, ինչը ուսանողներին հնարավորություն էր տալիս տեղում ամրապնդել ձեռք բերած գիտելիքները։
Մասնակցությունն անվճար էր և բաց՝ բոլոր ցանկացողների համար։ Աշխատարանի ավարտին մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով։
Այսօրինակ միջոցառումները «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպությունում են կրում շարունակական բնույթ։ Կազմակերպության գործունեությանն ու սպասվող իրադարձություններին կարող եք ծանոթանալ նաև կազմակերպության ֆեյսբուքյան էջում։