Մեր մասին

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության թիմը համախմբվել է 2012 թվականին: Կազմակերպությունը գործունեության առաջին տարիներին հանդես էր գալիս որպես «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպություն։ Մենք նպատակ ունեինք բարձրացնել Հայաստանում իրազեկվածության մակարդակը հաշմանդամության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ՝ բերելով նոր մոտեցումներ։

Մեր թիմի առաջին նախագծերից մեկը հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների և նրանց հիմնախնդիրների վերաբերյալ հարթակի՝ ikin.am-ի ստեղծումն էր։ Բլոգը առաջին ռեսուրսային հարթակն է հաշմանդամություն ունեցող կանանց համար, որտեղ հնարավոր է գտնել հավաստի տեղեկություններ առողջապահության, կրթության և մյուս բոլոր իրավունքների վերաբերյալ։ Հարթակը կանանց հնարավորություն է տալիս ընթերցել և քննարկել տաբու համարվող թեմաների մասին, ինչպիսիք են՝ սեռական և վերարտադրողական առողջությունը, անկախությունը, ինքնուրույնությունը և այլն։

Կազմակերպության մշտական գործողություններից մեկը disabilityinfo.am կայքի միջոցով տեղեկությունների տարածումն է։ Կայքի լրագրողական թիմը մինչ օրս հրապարակել է շուրջ 700 հոդված, ինչի շնորհիվ կայքը դարձել է հաշմանդամության վերաբերյալ հայերեն ամենամեծ ռեսուրսը։

2015 թվականին մենք ստեղծեցինք «Բոլորակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար բլոգը, որն օգնում է նրանց խնդիրների լուծման ուղիներ գտնելու, հաղթահարելու վախերն ու նպաստելու երեխաների անկախությանն ու իրավունքների իրացմանը։ Կայքում տեղ գտած նյութերի մի մասը ստեղծվում է հենց ծնողների կողմից, ինչը հնարավորություն է պատմել ուրիշներին սեփական փորձի մասին։

Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում նկարահանել է շուրջ 12 ֆիլմ հաշմանդամություն ունեցող երիտասարդների և երեխաների մասին, որոնք ցուցադրվել են Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում։ Այն Հայաստանում իրականացվող առաջին կինոցուցադրությունն էր, որն ուղեկցվում էր հայերեն ժեստերի լեզվով, լուսագրերով, անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ և տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար աուդիոնկարագրությամբ։

Մենք իրականացրել ենք բազմաթիվ քարոզարշավներ, որոնք հիմնականում վերաբերել են Երևանի խնդիրների լուծմանը՝ ստորագրահավաք, մեդիաարշավ, մոնիթորինգ և այլն։

Կազմակերպությունը մասնակցել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի ստվերային զեկույցի ստեղծմանը, որն առաջին անգամ համապարփակ ձևով ներկայացնում էր հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության հարցերը Հայաստանում։ Ժնևում համանուն կոմիտեի հետ փակ ճեպազրույցի արդյունքում Հայաստանի զեկույցի մասին եզրափակիչ դիտարկումներում կոմիտեն ներկայացրեց կառավարությանն իր մտահոգությունները և առաջարկությունը հաշմանդամություն ունեցող կանանց վերաբերյալ։

Կազմակերպության անդամները ակտիվորեն աշխատել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հետ, որի արդյունքում ևս եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել առաջարկություններ, որոնք կարևորվել էին կազմակերպության ներկայացրած փաստաթղթերում։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության հիմնական ուղղություններից մեկն էլ իրավական ակտերում ներառականության և զգայունության ապահովումն է։ Մենք 2016 թվականից մինչ օրս պետական կառույցներ ենք ներկայացրել շուրջ 200 առաջարկություն 25 իրավական ակտերի վերաբերյալ։ Դրանց մի մասի ընդունման շնորհիվ փոխվել է պետական քաղաքականությունը տարբեր ոլորտներում։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպությունը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ է, որի շրջանակներում այլ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ պայքարում է հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության վերացման ուղղությամբ։

Մենք նաև «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի» անդամ ենք, որը հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների ոչ ֆորմալ կոալիցիա է։